Տուլայում հայկական ավտոբուսի վթարից տուժածներն ու զոհվածների ընտանիքներն այս շաբաթվանից կսկսեն ստանալ իրենց փոխհատուցումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:

«Ըստ ընթացակարգի՝ ՀՀ կառավարության որոշումը կհրապարակվի և կմտնի օրինական ուժի մեջ, որից հետո՝ այս շաբաթվանից սկսած, կսկսվի ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներին և զոհվածների ընտանիքներին տրամադրվող գումարների փոխհատուցման գործընթացը»,- ասաց Արթուր Առաքելյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ է հատկացվել նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցույց տալու նպատակով։

Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի կտրամադրվի 1,5 մլն դրամ, ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին 500 հազարական դրամ։

Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել նոյեմբերի 3-ին։ Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։