Այսօր` սեպտեմբերի 3-ին Հրազդանի դատարանում վերսկսված Վահան Խալաֆյանի մահվան գործով դատավարությունն ընդհատվել է:  Պատճառը մեղադրյալ Աշոտ Հարությունյանի առողջության կտրուկ վատացումն է եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատաքննությունը որոշակի ուշացումով էր սկսվել` առանց Աշոտ Հարությունյանի, քանի որ նա սրտխառնոց, գլխապտույտ էր զգում եւ ստիպված էին 2 շտապօգնության մեքենա կանչել: Նրա պաշտպան Սեդա Սաֆարյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին դատարան են բերել այդ վիճակում:

Դատավորը հայտարարել ր, որ միայն բժիշկների հետազոտումից հետո պարզ կլինի, թե մեղադրյալը կարո՞ղ է ներկա գտնվել դատական նիստին, թե` ոչ: Բժիշկները հայտարարել են, որ նա ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին, որից հետո դատավորը որոշել է ընդունել Սեդա Սաֆարյանի միջնորդությունը եւ հետաձգել դատական նիստը:

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 10-ին: Դատարանի բակում հավաքված ե'ւ ամբաստանյալների, ե'ւ տուժողի` Վահան Խալաֆյանի հարազատներն ու մտերիմներն անակնկալի էին եկել այն բանից, որ այսօրվա դատական նիստը լուսաբանելու համար դատարան էին եկել նաեւ իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանի գործով մեղադրյալ Աշոտ Հարությունյանը դատարանում հայտարարել էր, որ Խալաֆյանն ինքնասպան չի եղել:

Նրա ցուցմունքից պարզ է դառնում, որ Վահանին սպանել են ոստիկանության Չարենցավանի բաժնում: Միաժամանակ, Աշոտ Հարությունյանն ասել է, թե իրեն գործարք են առաջարկել, որպեսզի ցուցմունք չտա: Իսկ նրա մայրը հայտարարել է, որ իրենց հայտնի է մարդասպանի անունը, սակայն իրենք վախենում են Աշոտի կյանքի համար:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի