Ադրբեջանը Ստեփանակերտում իր դրոշն ունենալու միայն մեկ եղանակ ունի. նա պետք է ճանաչի ԼՂՀ-ն, դիվանագիտական հարաբերություններ հաստատի, Վիեննայի կոնվենցիայի համաձայն, փոխադարձ համաձայնությամբ, դիվանագիտական ներկայացուցչություններ փոխանակեն, որից հետո թույլտվություն կստանա իր դեսպանատան շենքի վրա բարձրացնել իր դրոշը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերը, թե Ադրբեջանի դրոշը բարձրանալու է Ստեփանակերտում:
«Ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունն իր քայլերով ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում է իր համար այդքան սպասված օրը»,- նշել է Քոչարյանը:
Նշենք, որ Բաքվում Պետական դրոշի անվան հրապարակի բացման ժամանակ, Ալիեւը, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո, մեր ազգային, պետական դրոշը կբարձրացվի այն հողերի վրա, որոնք այսօր դեռ գտնվում են օկուպացիայի ներքո:Մեր դրոշը կծածանվի Լեռնային Ղարաբաղում, Խանքենդիում, Շուշիում: Մենք պետք է ամեն պահ մեր գործերով մոտեցնենք այդ օրը եւ մոտեցնում ենք: Փա'ռք ադրբեջանական դրոշին, փա'ռք Ադրբեջանին»,- ասել է նա:




























