2009թ. առաջին եռամսյակի համեմատությամբ, Ռուսաստանի ներքին շուկայում հասույթի աճ է նկատվում ի հաշիվ սակագների ավելացման, որը հանգեցրել է գազի իրացման եւ միջին գնի աճի: Գազի վաճառքն ավելացել է 10 տոկոսով: Այս մասին հաղորդում է «ԷներգոՆյուսը»:
«Գազպրոմը» 6 տոկոսով ավելացրել է 2010թ. հունվար-հուլիս ամիսներին գազի վաճառքի ծավալը ՌԴ ներքին շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հեռախոսային ասուլիսի ընթացքում հայտարարել է «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Անդրեյ Կրուգլովը: «Խոսելով գնային կոնյունկտուրայի մասին՝ կարելի է ասել, որ կառավարությունը հետեւում է գազի սակագների ավելացման հաստատված ծրագրին: Եւ մենք կարծում ենք, որ գազի գնի կայուն աճը շարունակվելու է»,- ասել է նա:
Նախկին ԽՍՀՄ երկրներում գազի վաճառքի ծավալները 2010թ. 7 ամիսներին աճել է 40 տոկոսով: «2010թ. շարունակվում է շուկայական գնագոյացումը Բելառուսի, Մոլդովայի եւ Հայաստանի հետ: Ուստի մենք ակնկալում ենք գազի գնի թանկացում այդ տարածքում»,- ասել է Կրուգլովը: Նա հիշեցրել է, որ կոնցեռնը շուկայական գնագոյացման վերջնական անցում է նախատեսում այդ երկրների հետ 2011թ.:
Հունվար-հուլիսին Եվրոպայում գազի վաճառքի ծավալներն աճել են 11 տոկոսով: «Հաշվի առնելով շուկայում ստեղծված բարդ իրավիճակը՝ մենք կարծում ենք, որ Եվրոպայում գազի վաճառքի ծավալները մնալու են նախորդ տարվա ցուցանիշների սահմաններում»,- ասել է Կրուգլովը:



























