Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ձերբակալել «Զվյոզդնի» ժամանցային համալիրի սեփականատեր, հայաստանցի Ռոբերտ Նազարյանին,ով կասկածվում է օգոստոսի վերջերին «Տորնադո» ռոք-փառատոնում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը կազմակերպելու մեջ։

Ավելի վաղ, ձերբակալվել էին ծեծկռտուքի երկու այլ մասնակիցներ եւս։

Նշենք, որ համաձայն «Կոմսոմոլսկայա պրավդայի»՝ իրավապահները քննում են վիճաբանության՝ կենցաղային բնույթ ունենալու վարկածները։ Համաձայն այդ վարկածներից մեկի՝ վեճը բռնկվել է խորովածանոցում, որը գտնվելիս է եղել փառատոնի անցկացման վայրում։ Որոշ մարդիկ այնտեղ են եկել իրենց հետ բերելով խմիչք, ինչը դուր չի եկել համալիրի սեփականատիրոջը։ Այս հողի վրա էլ վիճաբանություն է սկսվել։ Մեկ այլ տարբերակով, վիճաբանությունը կապված է եղել մի աղջկա հետ, ում սիրահետում էր հայաստանցին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 29-ին փառատոնի մասնակիցների վրա հարձակվել էին մահակներով եւ գազային ատրճանակներով զինված 70-100 տղամարդիկ։ Նրանք ծեծել էին մարդկանց, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցներին։ Արդյունքում տուժել էր 20 մարդ։