Ջրի ցիստեռնում հայտնաբերել են տոհմիկի ացտեկի մասունքներ: Սրանք Մեխիկոյից 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ացտեկական Սուլտեպեկ-Տեկոակեի  ավերակներն են: Հնագետները վերջերս անսպասելի հայտնագործություն են արել այստեղ.  քարե խորը ցիստեռնի ներսում հայտնաբերել են բարձրաստիճան ացտեկի մասունքները:  

Մասունքների ճշգրիտ տարիքը դեռ չի պարզվել: Սակայն հայտնի է, որ ացտեկների քաղաքակրթությունը ծաղկում է ապրել  XIV-ից XVI դարերում: Այդ ժամանակ Սուլտեպեկ-Տեկաոկեն խոշոր բնակավայր էր: Այստեղ մինչեւ  5 հազար մարդ էր ապրում, տեղեկացնում է NTDTV-ն:

Հնագետները հույս ունեն, որ գտածոն իրենց կօգնի ավելի լավ ուսումնասիրել ացտեկների մշակույթը, չէ որ նախկինում համարվում էր, որ այդ քաղաքակրթության վերին խավի ներկայացուցիչների մեծամասնությանը թաղում էին հատուկ գերեզմանատանը: 

Հայտնի է, որ դրսից եկածների հանդեպ ացտեկներն իրենց շատ ագրեսիվ էին պահում: Պատմական գրությունների համաձայն, նրանք գերի ընկած իսպանացի կոնկիստադորներից մի քանի հարյուր մարդ են զոհաբերել եւ կերել: 

XVI դարի կեսին ացտեկների մայրաքաղաքը հայտնվեց կոնկիստադորների վերահսկողության տակ, եւ այդ հնդկացիական քաղաքակրթությունը դադարեց գոյություն ունենալ: