Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Սելչուք Ունալը, կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, նշել է, որ  Թուրքիայի վերաբերմունքն այդ հարցում նույնն է:

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝  այն հարցին, թե, արդյոք, ՄԱԿ-ի առաջիկա համաժողովին, Դավութօղլուն կհանդիպի՞ իր հայ գործընկերոջ հետ, պատասխանել է. «Այս պահին նման բան պալանավորած չէ, այս պահին դեռ շուտ է այդ մասին խոսել»։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաեւ ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի Թուրքիա այցին՝ նշելով, որ դա կրում է զուտ ճանաչողական բնույթ։  «Ամերիկացի գեներալի այցը որեւէ հատուկ օրակարգ չի ներառում, նա պարզապես, Պակիստանից հետո նախընտրեց լինել նաեւ Թուրքիայում»-նշել է Ունալը։

Այնուհետեւ անդրադառնալով Իրաքից ամերիկյան ուժերի՝ Թուրքիայի վրայով անցնելու խնդրին, խոսնակն ասել է. «ԱՄՆ-ը Թուրքիային չի դիմել զինտեխնիկայի տարանցիկ փոխադրման համար, իսկ սովորական տեխնիկական միջոցների փոխադրման հարցում թուրքական կողմը հայտնել է իր դրական մոտեցումը»։

Նշենք, որ ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մայքլ Մալենն այսօր՝ սեպտեմբերի 3-ին Անկարա է ժամանելու։ Ամերիկացի գեներալը հանդիպելու է Թուրքիայի զինուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետի հետ։ 

Թուրքական մամուլի տեղեկությունների համաձայն՝ ամերիկացի գեներալի օրակարգում է լինելու Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը, Աֆղանստանի եւ ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները։