Հայաստանի կանայք շատ գեղեցիկ են: Այս կարծիքին է Երեւանում գտնվող ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն, ով Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին կիսվեց հայ լրագրողների հետ:

Նա Հայաստան է ժամանել՝մասնակցելու միջազգային մշակութային «Կարոտ» փառատոնին: Հայտնի ֆրանսիացին խոստովանել է, որ տեղեկացված է եղել Հայաստանի մասին մինչ իր այցելությունը: «Իսկ հիմա, ժամանելով Հայաստան, ես համոզվեցի, որ Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է՝ իր բացառիկ աշխարհագրական դիրքով, երկիր, որը նայում է դեպի առաջ՝ չմոռանալով իր անցյալը»,- նկատեց դերասանը: Նա նաեւ նշեց, որ ուրախ է «Կարոտ» փառատոնին իր մասնակցության համար, փառատոն, որը խորհրդանշում է 7 միլիոն հայերի ցավը, ովքեր ճակատագրի բերումով ստիպված են ապրել իրենց հայրենիքից հեռու:

Նշենք, որ «Կարոտ» փառատոնը անցկացվում է  սետպեմբերի 2-5-ը, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Փառատոնին մասնակցում են համաշխարհային մեծության մի շարք աստղեր: