«Իմ խաղացած դերերից ամենասիրելին, անշուշտ, Սիրանո դը Բերժերակի դերն է եղել»,-այսօր՝ սեպտեմբերի 4-ին Երեւանում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն, ով մասնակցում է «Կարոտ» փառատոնին: Բացի այդ հայտնի դերասանը խոստովանել է, որ սիրում է ֆրանսիական դասական գրականության բոլոր հերոսներին՝ Հյուգոյի, Դյումայի: «Ես շատ եմ սիրում նաեւ ռուս դասական գրականությունը՝ Դոստոեւսկին առաջինն է եղել, ով բացել է իմ աչքերը: Ես շատ եմ սիրում նաեւ Պուշկին»,- նշեց Դեպարդյեն:
Հայտնի դերասանը նաեւ ընդգծեց, որ ռուս դասական եւ ավանգարդ երաշտության սիրահար է, որոնց մշակութային ժառանգությունը արգելված էր խորհրդային տարիներին: «Կարծում եմ, որ դա համարվում է մշակութային ցեղասպանության օրինակ»,- նշեց Դեպարդյեն: Նա միաժամանակ հավելեց, որ այժմ աշխատում է Ռասպուտինի կերպարի վրա: Բացի այդ, դերասանը չբացառեց, որ կմարմնավորի հայկական դասական գրականության եւ նույնիսկ ժողովրդական մշակույթի հերսներին:
«Կարելի է նույնիսկ Հայոց Ցեղասպանության թեման արծարծել»,-նշեց նա: Դեպարդյեն հայտարարեց, որ իր կողմից նկարահանված վերջին ֆիլմը եղել է ղազախ ժողովրդի մասին: «Ես ֆիլմ եմ նկարել Ղազախստանում, եւ այն պատմում էր քոչվորների մասին»,- ասել է Դեպարդիեն:
Ֆրանսիացի դերասանը չի բացառել Հայաստանի մասին երբեւէ ֆիլմ նկարելու հնարավորությունը: «Ես ուրախ կլինեմ ֆիլմ նկարել Հայաստանի պատմության փուլերից մեկի մասին: Այդ ֆիլմի վրա ինձնից բացի կարող են աշխատել նաեւ Ֆրանսիայի հայազգի դերասանները»,- խոստացել է դերասանը:



























