Եվրասիական միության ռեժիմը դանդաղեցնում է  համակարգչային անվտանգության տեխնիկայի ներմուծումը Հայաստան:  Այդ մասին   NEWS.am-ի թղթակցին հայտնել է  համակարգչային տեխնիկայի մանրածախ վաճառքով զբաղվող «Յունիկոմպ» ՓԲԸ-ի  գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը: 

ԵԱՏՄ-ի ռեժիմում դա ոլորտի մի քանի դժվարություններից մեկն է, հավելել է նա: Այլ տեխնիկայի հետ կապված ընթացակարգային մեծ բարդություններ չկան: Համակարգչային տեխնիկայի վրա դրված մաքսատուրքերը եւս չեն ավելացել:   

«Հարցեր են առաջանում միայն ծածկագրման-վերծանման սարքերի հետ կապված: Դրանց համար հատուկ թույլտվություն է պահանջվում, որը նախկինում չկար:  Իհարկե, դա արդարացված է, եթե խոսքը գաղտնի սարքերի մասին է, բայց կան նաեւ քաղաքացիական նշանակության սովորական սարքեր, որոնց պարագայում նման խստությունն անիմաստ է  », - ասել է Բալդրյանը:

Այդ սարքերի թվին են պատկանում ֆաերվոլները, ռաուտերները, անհատական նույնականացման սարքերը (թոքենները): Դրանց համար թույլտվություն ստանալը  15-20 օր է տեւում: