Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 19-ին Վանա լճի Աղթամար կղզում Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարակուսանքով եւ ափսոսանքով տեղեկացավ, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը Թուրքիայի իշխանությունների կողմից անհիմն պատճառաբանությամբ հետաձգվում է: Մայր Աթոռին վստահեցվել էր, որ սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող պատարագից մեկ շաբաթ առաջ եկեղեցու գմբեթին մնայուն կերպով պիտի զետեղվեր օծված խաչը»:

Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի արարողությանը:

Նշենք, որ նախապես հայտարարվել էր, թե Մայր Աթոռի կողմից պատարագին մասնակցելու էին միաբաններ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ու Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները հերթական խայտառակ քայլն են կատարել` հայտարարելով, թե մինչեւ սեպտեմբերի 19-ը տեխնիկական պատճառներով չեն հասցնի Աղթամարի Ս. Խաչի գմբեթին Խաչը տեղադրել եւ այն կմնա պատարագից հետո: