ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախաստանի պետքարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը սեպտեմբերի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում վճռականորեն դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղյան հակամարտության գոտում: Հայտարարության ամբողջական տեքստը տարածել է պետական «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը.
«ԵԱՀԿ գործող նախագահը վճռականորեն դատապարտում է վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների ակտիվացումը: Լուրջ անհանգստություն է հարուցում մարդկային զոհերի աճը երկու կողմերից էլ:
ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծում է, որ հրադադարի ռեժիմի ցանկացած խախտում ապակայունացնում է Մինսկի խորհրդաժողովի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը՝ սահմանափակելով կառուցողական երկխոսության հնարավորությունները: Այդ կապակցությամբ, նա աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր սեպտեմբերի 6-ին կոչ են արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել, խստորեն պահպանել հրադադարի պայմանավորվածությունները եւ զերծ մնալ փոխադարձ մեղադրող հայտարարություններից:
Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ՝ աշնանը Մինսկի խմբի համանախագահների ծրագրած միջոցառումները՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման փոխզիջումային եղանակների ուղղությամբ, արդյունավետ կլինեն տվյալ ձգձգված հակամարտության բոլոր ուղղակի կողմերի իրական շահագրռգվածության եւ առաջընթացի ձեռքբերման դեպքում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արեւելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձը: Հայ դիրքապահներին հաջողվել է մերձամարտի արդյունքում, գնդակահարել հրոսակներից մեկին: Դիվերսիոն խումբը փախուստի ժամանակ պայթել էր ականի վրա: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր երկու զոհի մասին:
Նշենք, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում պարբերաբար դիվերսիոն գործողություններ է իրականացնում: Այսպես, օգոստոսի 31-ի առավոտյան ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն փորձն էր ձեռնարկել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում՝ Վերին Չայլու բնակավայրի ուղղությամբ: Մերձամարտի արդյունքում վնասվածքներ էր ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող Ռուդիկ Մանասերյանը:
Հունիսի 18-ին Չայլուի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղ էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբը: Մարտի ընթացքում հայկական կողմը կորցրել էր 4 զինվոր, եւս 4-ը՝ վիրավորվել էին:



























