Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչներից մեկը եղավ անցած տարվա աշխարհի առաջնության եզրափակիչի կրկնությունը: Դարձյալ գոտեմարտեցին Ռոման Ամոյանն ու իրանցի Համիդ Մոհամադ Ռեյհանպուր Սորիանը: Ցավոք այս անգամ էլ Ամոյանը չկարողացավ առավելության հասնել վերջին տարիների իր հիմնական մրցակցի նկատմամբ` պարտվելով 0:1, 0:2 հաշվով:

Անցած տարի Սորիանը հռչակվեց աշխարհի հնգակի չեմպիոն: Այս տարի եզրափակիչում Սորիանի մրցակիցը կլինի Ասիայի այս տարվա չեմպիոն, հարավկորեացի Գյու Յին Չոյը, որը չնայած հազարավոր ռուս մարզասերների հակադրությանը, կարողացավ կիսաեզրափակիչում 3:1 հաշվով հաղթել օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Նազիր Մանկիեւին:

Ռոման Ամոյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի բուլղարացի Վենելին Վենկովի հետ: