Մինչեւ 2016 թվականի սեպտեմբեր Beeline-ը ցանկանում է գերարագ անլար ինտերնետը հասցնել Հայաստանի ամենահեռավոր գյուղեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշումը:
Հանրապետության մի շարք հեռավոր եւ փոքր գյուղերում ընկերությունը CDMA անլար տեխնոլոգիայով ֆիքսված հեռախոսակապ է ապահովում: Հանձնաժողովի որոշումը պարտավորեցնում է մինչեւ 2017 թվականի սեպտեմբերն այդ կապը փոխարինել ավելի ժամանակակից, արագ ինտերնետով (CDMA-ի պարագայում նման հնարավորություն չկա): Իսկ մի շարք քաղաքներում եւ խոշոր գյուղերում արագընթաց տեխնոլոգիաները վաղուց արդեն հասանելի են:
Ընկերությունը մտադիր է խնդիրն իրականացնել մինչեւ 2016 թվականի սեպտեմբեր: «Տեխնոլոգիան կընտրենք, կարեւորը մեզ մոտ առկա հաճախության մեջ տեղավորվելն է»,- պարզաբանեց Պյատախինը՝ հավելելով, որ դրա հետ կապված խնդիրներ չեն առաջանա, քանի որ նոր տեխնոլոգիաները ոչ միայն ավելի մեծ արագություն են ապահովում, այլեւ թույլ են տալիս արդյունավետորեն օգտագործել մասնավոր հատվածը:
Նշենք, որ Էլեկրակապի միջազգային միության չափանիշներով, ինտերնետ-կապի բազային պահանջը համարվում է վայրկյանում 256 կիլոբիթը: Beeline-ը պատրաստվում է նվազագույնը 1 մեգաբիթ առաջարկել:
«Իհարկե, նոր տեխնոլոգիաները թանկ են, եւ ինչ-որ առումով երբեք չեն ծախսածածկվի: Բայց մենք՝ որպես օպերատոր, որը նաեւ սոցիալական բեռ է կրում, դրանք հասանելի կդարձնենք»,- հայտարարեց ընկերության ղեկավարը:
Հարցին, ընկերությունը համաձա՞յն է ապագա ուղիները վարձույթով տրամադրել տեղական փոքր պրովայդերներին, Պյատախինը պատասխանեց, որ այժմյան անլար տեխնոլոգիաիները թույլ չեն տալիս մեծ ծավալներ ստանալ: «Նախ՝ դա օգնում է մրցակցություն ստեղծել, իսկ դա նշանակում է, որ մեզ համար ավելի լավ կլինի: Եվ երկրորդ՝ մենք դրա շնորհիվ վաստակում ենք, ինչի համար ուրախ ենք: Այսինքն՝ քաղաքականությունը, երբ մենք, որպես ընկերություն, ոչ ոքի ոչինչ չէինք տալիս, անցյալում է: Մենք բաց ենք»,- հայտարարեց Պյատախինը:
«ԱրմենՏել»-ը («ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունը) Հայաստանի խոշորագույն կապի օպերատորներից եւ հարկատուներից է:





























