Աշխատուժի, գիտության եւ տեխնոլոգիաների առումով Իրան-Հայաստան երկաթգիծը բոլորովին խնդիր չէ Չինաստանի համար: Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Չինաստանի Ժողովրդական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Հու Սյան:

Անդրադառնալով «Մեծ Մետաքսի ճանապարհի» վերականգնման եւ դրան Հայաստանի մասնակցելու մասին հարցին՝ պրոֆեսորը նշել է. «Ես կարծում եմ, որ երկու երկրներն են լավ հիմք եւ պատմական փորձ ունեն համագործակցության համար: Երկրորդ հերթին կարծում եմ, որ գյուղատնտեսության եւ անասնապահության մեր ոլորտները նման են: Երրորդ հերթին Հայաստանը եւ Չինաստանը զարգացող երկրներ են: Մենք ընդհանուր նպատակներ ունենք եւ գործում ենք մեր ժողովուրդների երջանկության համար: Մեր շահերն ընդհանուր են: Տնտեսության զարգացման ոլորտում Հայաստանն ու Չինաստանը կարող են փոխլրացնել միմյանց: Արդյունաբերության, գյուղատնտեսության եւ էներգետիկայի ոլորտներում համագործակցության մեծ հեռանկարներ կան: Մեր համագործակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության վրա»,- հավելել է նա:

Իսկ ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկաթուղուն, պրոֆեսորը հիշեցրեց, որ դեռ  2007թ. Չինաստանի կառավարությունն առաջ էր քաշել «սեփական սահմաններից դուրս գալու կոնցեպտը»: «Եվ այդ կոնցեպտում արդեն ընդգրկված է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը»,- ընդգծել է Հու Սյան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան նախագծի նպատակահարմարության մասին խոսել հնարավոր կլինի նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման շուրջ ուսումնասիրությունները մշակելուց հետո միայն: Այս պահին չինական երկու ընկերություն անհատույց ուսումնասիրում են ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը: