Ադրբեջանն անհաջող կերպով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը, թե Հայաստանի նախագահը մերժել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների առաջարկներն ու այժմ առաջընթացի բացակայության մեղքը փորձում է գցել Բաքվի վրա:
«Վերջին տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների եւ ԱԳ նախարարների, ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով ընդունվել են մի շարք հայտարարություններ, որտեղ սեւով սպիտակի վրա նշված է բանակցային գործընթացի հիմնական խնդիրը, որից Ադրբեջանը անհաջող կերպով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը, այն է` ԼՂ կարգավիճակի հարցը, ինչը պետք է որոշվի ԼՂ բնակչության` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության ճանապարհով»,- նշել է Բալայանը:
Ըստ Հայաստանի ԱԳՆ խոսնակի՝ Արազ Ազիմովը երբեք չի մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով գլխավոր հանդիպումներին եւ բանակցությունների բովանդակության մասին գիտի միայն լսելով: «Ակնհայտ է, որ պարոն Ազիմովին իր ղեկավարությունը գիտակցաբար խաբում է, որպեսզի նա շարունակի առավել վստահ մոլորության մեջ գցել իր երկրի հասարակական կարծիքը»,- ամփոփել է նա:





























