Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, դեկտեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Թեհրանի (Իրանի Իսլամական Հանրապետություն) փոխքաղաքապետ դոկտ. Մահմուդ Սալահին` ուղեկցությամբ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով պաշտոնական պատվիրակության այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ այսպիսի յուրաքանչյուր այցելություն նոր ներդրում է երկու երկրների միջեւ ձեւավորված համագործակցության մեջ:
Այս կապակցությամբ Նորին Սրբությունը հավելեց, որ Հայ Եկեղեցին եւս իր նպաստը պետք է բերի այդ կապերի ամրապնդման գործին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարիի` Հայաստան կատարած այցին` նշելով, որ միջկրոնական շփումները նույնպես կարեւոր մաս են կազմում երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամության:
Հանդիպմանը դոկտ. Մահմուդ Սալահին, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցելելու առիթով, Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց Թեհրանի քաղաքապետի ողջույնները: Փոխքաղաքապետը մասնավորապես խոսեց Հայաստանի եւ Իրանի ընդհանրությունների, մշակութային առնչակցությունների, ինչպես նաեւ Իրանում քրիստոնյա եւ իսլամ ժողովուրդների խաղաղ ու համերաշխ համակեցության մասին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով արձանագրեց նաեւ Իրանի իշխանությունների կողմից Իրանում գործող հայկական եկեղեցիների եւ մշակութային կենտրոնների նկատմամբ ցուցաբերվող հոգածու վերաբերմունքը:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսը եւ դոկտ. Մահմուդ Սալահին անդրադարձ կատարեցին աշխարհում տեղ գտնող ծայրահեղականության դրսեւորումներին` վստահություն հայտնելով, որ միջազգային հանրության ջանքերով մարդկային կյանքից կվերացվեն նման երեւույթները:


























