Մոլդովայում, որտեղ օրերս երկրի նախագահի ընտրության ձեւի վերաբերյալ հանրաքվե անցկացվեց, արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակվել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն խորհրդարանը ցրելու անհրաժեշտությունը ծագել այն բանից հետո, երբ 2009-ի դեկտեմբերին պագամավորները չկարողացան երկրի ղեկավար ընտրել: Մոլդովայի Սահմանադրության համաձայն, եթե երկրի նախագահի թեկնածության քվեարկությունը երկու անգամ ձախողվում է, նոր խորհրդարանական ընտրություններ են նշանակվում:

Ընտրությունները նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 21-ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ օրերս Մոլդովայում ձախողվեց հանրաքվեն, որով իշխանությունները փորձում էին հասնել նրան, որ երկրի նախագահն ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ, այլ ոչ խորհրդարանում: Բանն այն է, որ արդեն երկար ժամանակ է, որ խորհրդարանում հնարավոր չի լինում նախագահ ընտրել: Ընդդիմություն համարվող կոմունիստները կոչ էին արել բոյկոտել հանրաքվեն, ինչի արդյունքում իսկապես, անհրաժեշտ մասնակցություն չապահովվեց հանրաքվեի ժամանակ: Իշխանություններին այլ բան չէր մնում, քան նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ: