Հայաստանի եւ Հունաստանի ռազմական համագործակցությունը կնպաստի երկու բանակների հզորացմանը: Այս մասին, դեկտեմբերի 17-ին, Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսի հետ հանդիպման ժամանակ նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջեւ ձեւավորված համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն պտղաբեր կլինի եւ կնպաստի երկու բանակների հզորացմանը եւ հմտությունների առավել զարգացմանը:
Վեհափառ Հայրապետն ի մասնավորի անդրադարձավ պատմության ընթացքում հայ եւ հույն ժողովուրդներին բաժին ընկած դժվարություններին եւ այսօրվա մարտահրավերներին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան հետ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ջերմ հարաբերությունների մասին, որի աջակցությամբ Մայր Աթոռի միաբաններին կրթաթոշակներ են հատկացվում Աթենքի Աստվածաբանական համալսարանում ուսումը շարունակելու համար:
Նախարար Պանոս Կամմենոսն իր հերթին շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար: Մասնավորապես պրն. Կամմենոսն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական անցյալին եւ երկու երկրների, մասնավորապես ռազմական ոլորտում Պաշտպանության նախարարությունների միջեւ ներկայիս ձեւավորված սերտ գործակցությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ նախարարը խոսեցին նաեւ Հայաստանյայց Առաքելական եւ Հույն Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին: Այս առիթով Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Սրբալույս Մյուռոնի օրհնության կապակցությամբ Մայր Աթոռում կազմակերպված միջոցառումներին Հույն Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչների մասնակցության եւ Հայ Եկեղեցուն ու ժողովրդին բերած զորակցության մասին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց նաեւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գործունեությունը:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:




























