Մոսկվայի դպորցներից մեկի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանի մայրը մանրամասներ է պատմել իր որդու եւ ադրբեջանցի Մամեդով Մ.-ի միջեւ մահացու կոնֆլիկտի մասին: Նրա խոսքով, կոնֆլիկտը տեղի է ունեցել փոխնորդ կոշիկի պատճառով:
«Էդիկը դպրոց է գնացել առանց փոխնորդ կոշիկի: Երբ դպրոցականներից մեկը հարցրել է, թե ինչու նա չի բերել փոխնորդ կոշիկը, Էդիկը պատասխանել է. «Ես այս դպրոցում սովորում եմ 11 տարի եւ ինձ կարելի է առանց փոխնորդ կոշիկի ման գալ»: Իսկ Մամեդը, որը թիվ 501 դպրոցում մեկ տարի է, որ սովորում է, ասել է, որ ինքն է այստեղ գլխավորը»,- պատմում է Ալլա Մարկարյանը: Նրա ներկայացմամբ, հենց սա էլ պատճառ է դարձել կոնֆլիկտի, որն ավարտվել է ողբերգությամբ:
Դպրոցի աշակերտները պատմել են, որ Էդիկի եւ Մամեդի միջեւ կոնֆլիկտը ծագել է դեռ առավոտյան: «Մեկը հրեց մյուսին, որից էլ ամեն ինչ սկսվեց. «Դու, ի՞նչ է, պրոբլեմնե՞ր ես ուզում», դե, ինչպես միշտ լինում է նման դեպքերում: Նրանք պայմանավորվեցին հաշիվներ պարզել դասերից հետո»,- իրար հերթ չտալով պատմել են դեպքի ականատես դպրոցականները: Նրանց ներկայացմամբ` Մամեդը վերջին պահին փորձում էր հետ պահել հակառակորդին բռունցքներով հարցեր պարզելու մտադրությունից: «Էդիկի կողմից եւս երկու 11-րդ դասարանցիներ եկան, իսկ Մամեդի հետ էր իր մի հասակակից: Երկուսի մոտ էլ փոքր դանակներ կային: Մամեդի ձեռքից դանակը վերցրեցին բարձր դասարանցիները, իսկ Էդիկը չհասցրեց իր դանակն օգտագործել: Նրանք սկսեցին գոռգոռալ ու հրել իրար, իսկ հետո Մամեդը հարվածեց Էդիկի դեմքին: Վերջինս ընկավ, Մամեդը նստեց նրա վրա ու սկսեց հարվածել: Հենց այդ պահին Էդիկի մոտ ցնցումներ սկսվեցին»:
Դատաբժշկական փորձագետները արդեն հայտնել են, որ Էդիկի մահվան պատճառը սրտանոթային անբավարարվածությունն է եղել: «Կռվի ժամանակ ստացած հարվածից դպրոցականի մոտ սիրտը կանգ է առել: Ոչ մի լուրջ վնասվածք Մարկարյանի մոտ չի հայտնաբերվել, գլխուղեղի անոթները չեն կտրվել, չկան նաեւ խեղդելու հետքեր: Վիզը մաքուր է, կողերի կոտրվածք նույնպես չկա»,- ասել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Փորձագետները համարում են, որ տղան մահացել է կրծքավանդակին ստացած հարվածից առաջ եկած սրտածին շոկից: Հարվածի պահին սիրտը սեղմվել է ու էլ չի բացվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էդուարդ Մարկարյանը ՌԴ քաղաքացի էր: ՆԳ Մոսկվայի գլխավոր վարչությունը հայտնել է, որ կռվի նախաձեռնողը եղել է 9-րդ դասարանցի ադրբեջանցի աշակերտը, որը նույնպես ՌԴ քաղաքացի է: Ըստ ոստիկանության, կռիվը տեղի է ունեցել դպրոցից ոչ շատ հեռու:
Ողբերգական դեպքը մեկնաբանել է Պետդումայի ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալը: Նրա խոսքով, Մոսկվայի դպրոցում տեղի ունեցածի համար պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների, մանկավարժական կոլեկտիվի, եւ այդ վայրում գտնված մարդկանց վրա:





























