Թուրքիայի Վան քաղաքում նախօրեին թուրք զինվորակնների կողմից սպանված 9 քուրդ զինյալների համար բողոքի դուրս եկածների եւ ոստիկանության միջեւ բախում է տեղի ունեցել: Միջադեպի արդյունքում 4 հոգի վնասվածնքեր են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ`  քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության Վանի գրասենյակի առաջ ելույթ են ունեցել BDP-ի պատգամավորներ Ֆաթմա Քուրթուլան, Օզդալ Ուչերը եւ կուսակցության Վանի նահանգային կառույցի ղեկավար Ջունեյթ Ջանիշը: 

Պատգամավոր Ուչերը նշել է, թե թուրքական իշխանությունները սպանելով 9 քրդերին, Ռամադանի տոնը` սեւ տոնի վերածեցին եւ հավելել, որ առավոտյան այցելելու են քուրդ զինյալների գերեզմաններին:

Այնուհետ, ելույթի ավարտից հետո հավաքվածները սկսել են ցրվել, որի ընթացքում PKK-ի օգտին կարգախոսներ են հնչեցրել. «Վրեժխնդրություն», «Կեցցե Օջալանը», «Մարդասպան Էրդողան» եւ այլն:  Այդ ընթացքում բախում է սկսվել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: Քրդերը սկսել են քարեր նետել ոստիկանության ուղղությամբ, որին ի պատասխան, ոստիկանությունը արցունքաբեր գազ է արձակել եւ ջրցան մեքենենաներ օգտագործել:

Քաղաքի հենց կենտրոնում սկիզբ առած բախումների հետեւանքով վնասվել են մի շարք առեւտրական տաղավարներ:

Պատգամավոր Ֆաթմա Քուրթուլանը արցունքաբեր գազից գիտակցությունը կորցրել է, ում կուսակիցները արագ տեղափոխել են հիվանդանոց:

Բախումների հետեւանքով, վնասվածքներ է ստացել նաեւ 2 թուրք ոստիկան: