Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպման ժամանակ հայ եւ վրացի ֆուտբոլիստների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը, իսկ դրան նախորդած՝ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, ըստ որոշ վերլուծաբանների, կարող է բացասական երանգ հաղորդել հայ-վրացական հարաբերություններին: Պատմական փորձը ցույց է տալիս, որ ազգամիջյան բռնկումներին մշտապես նախորդում են թույլ կայծերը: Դե իսկ ջավախահայության հետ կապված խնդրի ֆոնին վերջին զարգացումներն առավել մտահոգիչ են դառնում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Վրաստանի հայ համայնք» անդամ Ալեքսանդր Օհանյանն, անդրադառնալով հայ եւ վրացի ֆուտբոլիստների միջեւ տեղի ունեցած բախմանը՝ նշեց, որ տեղի ունեցածն ընդամենը «անզուսպ կրքերի դրսեւորում է», ինչը կարող է տեղի ունենալ ցանկացած երկրում, ցանկացած խաղի ժամանակ: Այնպես որ՝ տեղի ունեցածը  չպետք է դիտարկել որպես ազգային հողի վրա արձանագրված միջադեպ: Ինչ վերաբերում է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հայտարարությանը, Օհանյանը ձեռնպահ մնաց այն մեկնաբանելուց: Նա նշեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն սպառիչ պատասխան է տվել այդ կապակցությամբ եւ ինքն ասվածին ավելացնելու ոչինչ չունի:

«Վրաստանի հայ համայնքի» անդամի խոսքով`նմանատիպ ոչ կոռեկտ հայտարարություններ վրացի պաշտոնյաների կողմից առաջին անգամ չէ, որ հնչում են: «Ժամանակ առաջ էլ նմանատիպ հայտարարություններ հնչեցին ավելի բարձր մակարդակներից` Հայաստանի տնտեսական վիճակի մասին, սակայն դրանից հետո Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններում ճգնաժամ չարձանագրվեց»,-նկատեց  NEWS.am-ի զրուցակիցը:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, օրինակ, նախորդ տարի հայտարարել էր, թե «Հայաստանի տնտեսությունը կրախի մատնվեց, քանի որ լիովին կախված էր ռուսական շուկայից, իսկ երբ ռուսական շուկան փլուզվեց՝ նույն ճակատագրին արժանացավ նաեւ Հայաստանի տնտեսությանը»: Այնուամենայնիվ, Վաշաձեի հայտարարությունը, ըստ մեր զրուցակցի, անուղղակի կերպով կարող է ազդել երկու երկրների ներքին քաղաքականության վրա եւ տեղի ազգային փոքրամասնությունների նկատմամբ որոշակի սուբյեկտիվ վերաբերմունք ձեւավորել:

«Նմանատիպ հայտարարությունները կարող են բացասական  տրամադրվածություն առաջացնել հայերի նկատմամբ: Իսկ նման դեպքեր առաջին անգամ չէ, որ տեղի են ունենում: Ցավոք սրտի, Վրաստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որը նպաստավոր չէ  տեղի քաղաքացիական ֆոնդի զարգացման համար: Եւ այդ քաղաքականությունը նոր չէ, որ սկսվել է»,-ասաց նա:

Հարկ է նշել, որ Վաշաձեի հայտարարության վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ-ն մինչեւ այժմ պաշտոնական հայտարարություն չի տարածել: Թեեւ  NEWS.am-ի թղթակցին երեկ՝ սեպտեմբերի 8-ին Վրաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի, սակայն այն մինչ այս պահը հրապարակված չէ:

Նշենք նաեւ, որ Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել էր վրաց պաշտոնյանի հայտարարությանը՝ նշելով, որ չի կիսում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի կարծիքը. «Որեւէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվել մեր գործերին, եւ մեկնաբանություններ անել մեր անվտանգության հարցերի վերաբերյալ»: Երեկ պետք է հեռախոսազրույց տեղի ունենար Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարների միջեւ: 

Հելեն Գեւորգյան