Հայաստանի ոստիկանությունը մանրամասներ է հայտնում այսօր՝ սեպտեմբերի 9-ին Երեւանի տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ: Ըստ այդմ՝ այսօր ժամը 09.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանից ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 18-ամյա Կարո Ա.-ին եւ 17-ամյա Գեւորգ Ղ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.20-ին, նշված համալսարանի առաջին հարկի միջանցքում, վիճաբանության ժամանակ Կարո Ա.-ն իրեն պատկանո «Ատմագա» տիպի գազային ատրճանակից մեկ անգամ կրակել է նույն համալսարանի ուսանող Տարոն Հ.-ի եւ Գեւորգ Ղ.-ի ուղղությամբ:
Ատրճանակն առգրավվել եւ ուղարկվել է Հայաստանի ոստիկանության ՓՔՎ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Տարոն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն, տեղեկանում ենք ոստիկանության կայքէջից:
Նշենք, որ NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ կրակոցները հնչել են համալսարանի առաջին հարկում գտնվող Ֆինանսական ֆակուլտետում: Ըստ ականատեսների՝ երիտասարդը, ով նշված բուհի ուսանող չէ, երկրորդ կուրսում սովորող իր ընկերուհու կամ ընկերոջ հարցով եկել է Տնտեսագիտական համալսարան եւ մի քանի երիտասարդների հետ ցանկացել է ինչ-որ հարցեր պարզաբանել, որի ժամանակ էլ իր մոտ եղած գազային ատրճանակից մեկ կրակոց է արձակել: Նրան նույն պահին ձերբակալել էին համալսարանում իրենց ծառայությունն իրականացնող Կենտրոնի ոստիկանները եւ մի քանի երիտասարդների հետ տարել Կենտրոնի ոստիկանություն: Պարզվել է, որ նա եղել է Երեւանի Ճարտարագիտական համալսարանի ուսանող՝ 18-ամյա Կարո Ադյանը, ով 16-րդ թաղամասի 15 շենքի բնակիչ է:





























