Հայ-վրացական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Թուրգայ Միքայիլովին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց սահմանախախտման առաջադրված մեղադրանքում եւ դատապարտեց 5 ամսվա ազատազրկման: Դատարանը որոշեց պատժի կրման սկիզբ հաշվել փաստացի արգելանքի օրը՝ 2015թ. հուլիսի 23-ը եւ հաշվի առնելով, որ պատժի կրման ժամկետն ավարտվել է, վերացրեց խափանման միջոց կալանավորումը եւ դատական նիստերի դահլիճից ազատ արձակեց ադրբեջանցուն:
Նշենք, որ Վրասանի քաղաքացի ադրբեջանցու պաշտպան Սասուն Մխիթարյանի միջնորդությամբ դատական նիստն անցկացվեց դռնփակ եւ մոտ 1 ժամ տեւած նիստի ավարտին հրապարակվեց դատավճիռը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայիլովը հուլիսի 23-ին ժամը 21:00-ի սահմաններում, առանց սահմանված փաստաթղթերի, շրջանցել է ՀՀ պետական սահմանային անցակետերը եւ հայ-վրացական պետական սահմանի՝ ՀՀ Լոռու մարզի Ձյունաշող սահմանամերձ գյուղին հարակից հատվածով, ոտքով շարժվելով ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի տարածք: 35-ամյա Միքայիլովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:




























