Հայաստանի ազատ տնտեսական գոտիները իրանական բիզնեսին հարմար ելք կտրամադրեն դեպի Եվրասիական միության եւ Եվրամիության շուկաներ: Այդ մասին   NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի տնտեսության փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:  

Նա հիշեցրել է, որ 2015-ի  IV եռամսյակում հայկական կողմը  2 խոշոր բիզնես-ֆորում է անցկացրել. առաջինը` Իրանի փոխ-նախագահի Հայաստան այցի շրջանակում, իսկ մյուսը Հայաստանի էկոնոմիկայի նախարարի` Իրանի այցելության: Այնտեղ մանրամասնորեն ներկայացվել են ԱՏԳ-ի հնարավորությունները: 

«Կարեւոր է, որ իրանցի գործարարներն իմանան այդ մասին եւ ենթադրում եմ, որ դա պիտի հետաքրքրի նրանց», - ասել է Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրասիական միության անդամ է եւ Եվրամիության հետ   GSP+ առեւտրական պրեֆերենցիաների պայմանագրի մասնակից: 

Հիշեցնենք, որ 2011-ից Հայաստանում օրենսդրություն է գործում ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ, որի համաձայն, դրանց ռեզիդենտներից ԱԱՀ, շահութահարկ եւ գույքահարկ չի գանձվում:  Արտոնյալ ռեժիմը կտարածվի միայն արտահանման վրա. Հայաստանի տարածքում իրացման դեպքում ապրանքները մաքսազերծում կանցնեն ու կհարկվեն: 

Առայժմ Հայաստանում 2 ազատ տնտեսական գոտի է գործում, տեխնոլոգիական`   «Ալիանսը», եւ թանկարժեք զարդերի`  «Մերիդիանը», երկուսն էլ` Երեւանում: