Վլադիկավկազում այսօր սեպտեմբերի 9-ի առավոտյան տեղի ուենցած ահաբեկչության արդյունքում 3 հայ է զոհվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նա նշեց, որ ներկայումս Վլադիկավկազ է մեկնում Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը:
Զոհվածներից մեկը՝ Արսեն Էլբակյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Մյուս երկու զոհվածները ՌԴ քաղաքացիներ են: Մասնավորապես հայտնի է, որ զոհվել են Իրինա Գասպարի Գասպարյանը եւ Գրիգոր Սերգեյի Գրիգորյանը:
Հայեր կան նաեւ վիրավորների շարքում, սակայն առայժմ հաղորդվում է միայն վիրավորված 81-ամյա Շահնազար Ջավոդի Շահնազարյանի մասին:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մահապարտ-ահաբեկիչը «Վոլգա» ավտոմեքենայով սեպտեմբերի 9-ի առավոտյան պայթեցրել է իրեն Վլադիկավկազի շուկայի մուտքի մոտ: Ռումբի հզորությունը կազմել է 25-30 կգ տրոտիլային համարժեքով: Զոհվել է 16, վիրավորվել 123 մարդ:
Փաստի առիթով քրեական գործ է հաուցվել:
Նշենք, որ 1999 թվականի օգոստոսի 19-ին Վլադիկավկազի կենտրոնական շուկայի տարածքում, ի դեպ` նույն ժամին, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 52 մարդ զոհվել եւ շուրջ 160-ը վիրավորվել էին:





























