Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունը, ըստ որի հեռախոսազրույց է կայացել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի միջեւ: Սակայն, Վրաստանի արտաքին գերատեսչությունում հրաժարվեցին NEWS.am-ի թղթակցին ներկայացնել հեռախոսազրուցի մանրամասները:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել էր, որ Հարավային Կովկասում ռուսական ռազմակայանների քանակի ավելացումը  սպառնալիք է Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխանության համար: Ըստ նրա, Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումն ու դրա հզորացումը, նախեւառաջ, սպառնում է Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը: «Այդ ռազմաբազան որեւէ երկրի կայունության, անվտանգության եւ համագործակցության հնարավորություն չի ընձեռում: Եւ բացի այդ՝ այդ բազան չի ստեղծում բարենպաստ պայմաններ` Հարավային Կովկասում առկա խնդիրները խաղաղ եւ քաղաքակիրթ ճանապարհով լուծելու համար: Ռուսական ռազմաբազայի միակ նպատակն, ըստ վրաց պաշտոնյայի, տարածաշրջանում լարվածության մեծացումն է:

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել էր այդ հայտարարությանը նշելով, որ չի կիսում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի կարծիքը, ըստ որի, Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի կայանման ժամկետի ավելացումը սպառնում է Հայաստանի անկախությանը: Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր. «Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայության մասին մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է երկրի ղեկավարությունը: Կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ներկայացված այդ տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում է պարունակում: Ամեն դեպքում, որեւէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվել մեր գործերին, եւ մեկնաբանություններ անել մեր անվտանգության հարցերի վերաբերյալ: Այսօր հեռախոսազրույց կկայանա նաեւ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարների միջեւ»: