Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին:
Նախագահը ողջունել է հյուրին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ գոհունակությամբ արձանագրելով փաստը, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստերի ժամանակացույցը չի խախտվում՝ նախորդ նիստից ուղիղ մեկ տարի անց Երեւանում անցկացվում է հերթական՝ 13-րդ նիստը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության օրակարգը հանձնաժողովի նիստի արդյունքում ավելի է հարստացել, ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ: Բարեկամ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման գործում նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է միջկառավարական հանձնաժողովի դերը եւ հանձնաժողովի համանախագահ, էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի անձնական ներդրումը: Ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Իրանի հետ հարաբերությունները, ՀՀ նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ հաստատված անկեղծ երկխոսությունն ու փոխադարձ վստահությունը ենթադրում են բարձրաստիճան փոխայցերի դինամիկայի պահպանում՝ համագործակցության երկկողմ օրակարգն ավելի ընդլայնելու եւ զարգացնելու նպատակով:
Զրուցակիցները երկուստեք առանձնակի կարեւորել են առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման եւ այդ ոլորտում առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու անհրաժեշտությունը: ՀՀ նախագահը եւ Համիդ Չիթչիանը հանդիպմանը հանգամանորեն քննարկել են Հայաստանի եւ Իրանի համար մեծ կարեւորություն ունեցող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ընթացքն ու նոր նախագծերի, փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Սերժ Սարգսյանը եւ Համիդ Չիթչիանն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի: Այդ համատեքստում նրանք գոհունակությամբ են փաստել, որ իրականություն է դառնում Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ ծրագիրը, ինչը ենթադրում է համապատասխան համակարգերի զուգահեռ աշխատանք Իրանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Իրանի էներգետիկայի նախարարի կարծիքով, Երեւանում երեկ կայացած հիշյալ երկրների էներգետիկայի ոլորտի պատասխանատուների քառակողմ հանդիպումը կարեւոր եւ արդյունավետ քայլ էր տարածաշրջանի այդ երկրների համերաշխության տեսանկյունից եւ նոր որակ է հաղորդում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով համագործակցության զարգացմանը:




























