Սեպտեմբերի 9-ին Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մոտ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին կհատկացվի 1 մլն ռուբլի (մոտ 11,8 մլն դրամ): Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Մաքսիմ Տոպիլինը:
Նրա խոսքով, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հյուսիսային Օսիայի ղեկավար Տեյմուրազ Մամսուրովի մասնակցությամբ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված ժողովի ժամանակ որոշում է կայացվել ահաբեկչությունից տուժածներին օգնություն տրամադրելու մասին: Ըստ այդմ, ծանր վիրավորներին կհատկացվի 400 հազար ռուբլի (մոտ 4,7 մլն դրամ), իսկ թեթեւ կամ միջին ծանրության վնասվածքներ ստացածներին` 200 հազար ռուբլի (մոտ2,35 մլն դրամ):
Այս որոշման նախագիծն այսօր` սեպտեմբերի 10-ին կներկայացվի Կառավարության հաստատմանը: Ներկայումս հոգեբանները օգնություն են ցուցաբերում տուժածների հարազատներին: Մասնագետներն աշխատել են զոհերի հարազատների հետ` դիակները ճանաչելու ընթացքում:
Տարբեր տվյալներով Վլադիկավկազում սեպտեմբերի 9-ի առավոտյան տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում 3 հայ է զոհվել: Զոհվածներից մեկը՝ Արսեն Էլբակյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Մյուս երկու զոհվածները ՌԴ քաղաքացիներ են: Մասնավորապես հայտնի է, որ զոհվել են Իրինա Գասպարի Գասպարյանը եւ Գրիգոր Սերգեյի Գրիգորյանը:
Հայեր կան նաեւ վիրավորների շարքում, սակայն առայժմ հաղորդվում է միայն վիրավորված 81-ամյա Շահնազար Ջավոդի Շահնազարյանի մասին:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մահապարտ-ահաբեկիչը «Վոլգա» ավտոմեքենայով սեպտեմբերի 9-ի առավոտյան պայթեցրել է իրեն Վլադիկավկազի շուկայի մուտքի մոտ: Ռումբի հզորությունը կազմել է 25-30 կգ տրոտիլային համարժեքով: Զոհվել է 16, վիրավորվել 123 մարդ:
Փաստի առիթով քրեական գործ է հաուցվել:




























