Բահրեյնի հավաքականը, որը սեպտեմբերի 7-ին ընկերական հանդիպում էր անցկացրել Տոգոյի հավաքականի հետ դարձել է խարդավանքի զոհ: Խաղից հետո պարզվել է, որ Տոգոյի իսկական հավաքականի փոխարեն Բահրեյն են ժամանել անհայտ մարդիկ: Բահրեյնի ֆուտբոլի ֆեդերացիային խաբել է մի մարդ, ով ներկայացել է ֆուտբոլային գործակալ: Այժմ այդ մարդը եւ թիմի խաղացողները հետախուզման մեջ են: Կեղծ գործակալը ոչ մի կապ չի ունեցել Տոգոյի թիմի հետ, որը սեպտեմբերի 4-ին Աֆրիկայի առաջնության ընտրական հանդիպում է անցկացրել Բոտսվանայի հետ:

«Այդ թիմի ահավոր վատ խաղը մեզ զարմացրեց, սակայն մեր զարմանքն ավելի մեծ էր, երբ հասկացանք, որ կեղծ թիմի հետ գործ ունենք»,- Բահրեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչին մեջբերում է L’Equipe-ը:

Ոչ պակաս զարմացած է եղել նաեւ Տոգոյի սպորտի նախարար Քրիսթոֆ Չաոն: «Մեր երկրում ոչ մեկը տեղյակ չի եղել այդ հանդիպման մասին: Մենք մանրակրկիտ հետաքննություն կանցկացնենք` մեղավորներին գտնելու համար»,- հայտարարել է նախարարը: