«Տեսլա» ավտոմեքենաները սովորել են կայանել ամբողջությամբ ավտոմատ ռեժիմում` ավտոտնակից դուրս գալով առանց վարորդի մասնակցության:  Նման գործառույթը հայտնվել է մեքենաների ծրագրային ապահովման մեջ, որը մատչելի է դարձել ներբեռնման համար:  Այդ մասին ընկերության ղեկավար Իլոն Մասկն իր թվիթերում գրել է: 

«Սեղմեք հեռախոսի կամ բանալու կոճակը եւ ավտոմեքենան կբացի ավտոտնակի դուռը, դուրս կգա, դուռը կփակի ու կմոտենա ձեզ:  Հրահանգով մեքենան նույնը կանի նաեւ հակառակ ուղղությամբ», – գրել է Մասկը, տեղեկացնում է Motor-ը: http://motor.ru/

«Տեսլայի» ղեկավարը հայտարարել է նաեւ, որ երկու տարվա ընթացքում նման գործառույթը կկարողանա աշխատել ամբողջ երկրում եւ առանց հեռավորության սահմանափակման:  Մասկի խոսքով, մեքենան հնարավոր կլինի   «կանչել», եթե օրինակ վարորդը Լոս Անջելեսում է, իսկ մեքենան կայանած է Նյու Յորքում:  

Անցյալ տարվանից «Տեսլաները» ավտոպիլոտ են ստացել, որը մեքենան պահում է իր գծում, վերահսկում է արագությունները եւ դիմացի մեքենայի նկատմամբ  հեռավորությունը, շրջադարձի կոճակի սեղմման դեպքում կարող է ինքնուրույն անցնել մյուս շարք:  

Այս պահին  «Տեսլայի» տեսականին ներկայացված է երկու մոդելով`  Model S սեդանով եւ Model X ամենագնացով: Դրանցից վերջինն առայժմ հասանելի է միայն թոփային   90D եւ P90D մոդիֆիկացիաներում, որոնցից վերջինը դիմացից զինված է  259 ձիաուժ էլեկտրաշարժիչով, իսկ հետեւից` 503 ձիաուժ: