Սեպտեմբերի 12-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին:
Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ու համագործակցության ամրապնդումը եւ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը:
Երկուստեք նշվել է, որ վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բարձրացել, ինչը նշանավորվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությամբ Վաշինգտոն, հանդիպումով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երեւանյան այցելությամբ:
Նախարար Նալբանդյանը եւ պետքարտուղարի տեղակալի օգնական Քեյդենաուն հանգամանալից զրույց են ունեցել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման եւ զարգացման հնարավորությունների շուրջ:
Թինա Քեյդենաուն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է հանդիսանում Միացյալ Նահանգների համար, որն ակնկալում է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման, տարածաշրջանում կայունության ամրապնդման ասպարեզներում:
Էդվարդ Նալբանդյանն ու Թինա Քեյդենաուն մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների շուրջ, տարածաշրջանային եւ միջազգային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:





























