Թուրքիայի տարբեր քաղաքներում իշխող կուսակցության կազմակերպած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցած մի շարք անձանց մեքենաներ դիմակավոր անձանց կողմից այրվել են:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Մերսինում հանրաքվեին մասնակցած հայրն ու որդին հազիվ են կարողացել փրկվել` դուրս գալով այրվող մեքնենայից:

Թուրքիայի հարավ-արեւելյան Բաթման քաղաքում եւս լարված է անցնում քվեարկությունը: Բաթմանում ոստիկանությունը միջամտել է քաղաքացիների քվեարկությանը խանգարող խմբավորման գործողություններին:  Արդյունքում բախում է տեղի ունեցել, որի հետեւանքով 6 ոստիկան է վիրավորվել: Ձերբակալվել է անկարգության մասնակից 4 անձ:

Կրկին հարավ-արեւելյան նահանգներից մեկում` Շըրնաքում, բախումներ են եղել: Շըրնաքի Քումչաթը ավանում հանրաքվեն բոյկոտելու կոչ անող խմբավորման եւ տեղի գյուղերի ժամանակավոր պաշտպանների միջեւ ծագած բախման հետեւանքով 8 հոգի վիրավորվել է:  

Նշենք, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից նախաձեռնած սահմանդրական բարեփոխումների հանրաքվեն բոյկոտել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը, քանի որ դրանցում բացակայում են Թուրքիայի ժողովրդավարացմանն ու քրդական հարցի լուծմանը նպաստող կետեր: Իսկ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կոսակցությունները կոչ են արել «ոչ» ասել  սահմանադրական բարեփոխումների փաթեթին: