Ներկայումս հայ-իրանական օրակարգում որեւէ լուրջ գլոբալ նախագիծ չկա: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշել է «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սեւակ Սարուխանյանը:

Նրա խոսքով, իրական հնարավորություն կա ենթակառուցվածքների զարգացման հարցում. դա Հյուսիս-հարավ մայրուղին է, որն անմիջական առնչություն ունի Իրանի հետ: «Այդ ճանապարհը կառուցվում է Հայաստանի տարածքում եւ առանց իրանական ֆինանսավորման, բայց ճանապարհը բավական կթեթեւացնի երկկողմ ապրանքաշրջանառությունն ու բեռնափոխադրումները»,-հավելել է Սարուխանյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 16-ի երեկոյան ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանել են Իրանի նկատմամբ պատժամիջոցներն այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է Թեհրանի կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ բոլոր պարտավորությունների կատարման մասին: