Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մտահոգություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` սեպտեմբերի 6-ի եւ 9-ի հայտարարությունների առթիվ, որոնք, մասնավորապես, վերաբերում են այսպես կոչված «դաշտային գնահատման առաքելության այցին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ»:

«Նման առաքելություն հնարավոր է իրականացնել միայն մեկ դեպքում` եթե առկա է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համաձայնությունը:

Այսպիսի մի փաստահավաք առաքելություն այցելել էր տարածաշրջան 2005 թվականին` ներկայացնելով զեկույց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին։ Ի հեճուկս հայկական կողմի ջանքերի, այդ առաքելությունը չէր այցելել Ադրբեջանի կողմից զավթված շրջաններ` սահմանափակվելով միայն ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքների դիտարկմամբ:

Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ԼՂՀ իշխանություններին` թույլ տալ առաքելության այցելությունը տարածաշրջան միայն այն դեպքում, եթե առաքելությունը կդիտարկի նաեւ Ադրբեջանի կողմից զավթված ԼՂ տարածքները։ Հայաստանն իր կողմից պետք է քաղաքական աջակցություն ցուցաբերի ԼՂ իշխանությունների պահանջին եւ ապահովի ԵԱՀԿ Մինսկի խմբի դրական պատասխանը` համաձայն ՀՀ ԱԳ նախարարության բարձաստիճան պաշտոնյաների` Ադրբեջանի կողմից զավթած ԼՂ տարածքների վերաբերյալ վերջին շրջանում արված մի շարք հայտարարությունների»,- ասված է ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարության մեջ: