ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու, աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովն «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ նախագահի ընտրությունների կեղծում է սպասում ներկա նախագահ Կիրսան Իլյումժինովից:
«Վերջին պահին միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունը փոխել է ընտրությունների եւ ձայների հաշվարկի վերահսկողության ամենալուրջ կետը»,- ասել է Կարպովը:
Մինչեւ այդ փոփոխությունը, քվեները հաշվող հանձնաժողովի անդամներին` հսկիչներին ընտրում էր կոնգրեսը: Վերջին պահին այդ կետը փոխվել է եւ այժմ մայրցամաքային ֆեդերացիաների նախագահներն են նշանակելու հսկիչներին, որոնք կատարելու են հաշվարկը: «Քանի որ 15 տարում Կիրսան Նիկոլաեւիչը մայրցամաքային ֆեդերացիաների նախագահների պաշտոններում նշանակել է իր մարդկանց… այդ մարդիկ էլ այսօր պետք է նշանակեն հսկիչներին, որոնք հաշվելու են ձայները»,- բացատրել է Կարպովը:
Այդ փաստը վերջերս է հայտնաբերվել եւ իրավաբանները պատրաստվում են բողոքարկել այն:
ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Խանտի Մանսիյսկում, Համաշխարահային օլիմպիադայի ժամանակ:
Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան մայիսի 14-ին առաջադրել է Կարպովի թեկնածությունը, սակայն նա այդպես էլ չի դարձել Ռուսաստանի թեկնածուն: Ֆեդերացիայի դիտորդական խորհրդի նախագահ, ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչի միանձնյա որոշմամբ, առաջադրվել է Իլյումժինովը:
Այդ որոշումը Կարպովը, որին աջակցում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Արգենտինայի եւ էլի մի շարք հզոր երկրների ֆեդերացիաներ, կվիճարկի Լոզանի միջազգային սպորտային արբիտրաժում: Կարպովի շահերը ներկայացնում է White & Case փաստաբանական գրասենյակը, որը պետք է ապացուցի, որ Դվորկովիչն իրավունք չուներ միանձնյա առաջադրեր Իլյումժինովի թեկնածությունը:
Իլյումժինովը հայտարարել է, որ սպորտային արբիտրաժի որոշումը չի ազդի ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունների վրա: Սակայն միջազգային ֆեդերացիայի կանոնադրությունում գրված է, որ ՖԻԴԵ-ն ենթարկվում է Լոզանի դատարանի որոշումներին: Սպորտային արբիտրաժի նիստերը տեղի են ունենալու սեպտեմբերի 15-16-ին:




























