Հայաստանը կկարողանա համագործակցել Իրանի հետ այն սահմաններում, որոնք կհամաձայնեցվեն Ռուսաստանի հետ: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելն, անկասկած, դրական երեւույթ է նաեւ Հայաստանի համար: «Ներկայումս Իրանն իր հավասարակշռված ու իմաստուն քաղաքականությամբ հետեւում է, թե ինչպիսի մոտեցումներ ունի Հայաստանը հետագա համագործակցության հարցում: Իրանն իր 80 մլն բնակչությամբ անսահման շուկա է»,-ընդգծել է Բոստանջյանը:
Նրա խոսքով, Հայաստանը պետք է շատ նուրբ քաղաքականություն վարի. «Հասկանալի է, որ մենք գտնվում ենք ռուսական ազդեցության գոտում, եւ այդ տեսանկյունից չեմ կարծում, որ Ռուսաստանը ոգեւորվելու է Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների խորացմամբ, սակայն գոնե տեսանելի ապագայում Ռուսաստանը կարող է միայն լուռ համաձայնել համագործակցության այն ձեւաչափերին, որոնք նրան չեն խանգարում»,-հավելել է տնտեսագետը:



























