Եթե Իրանի եւ Վրաստանի միջեւ գազի մատակարարումների շուրջ բանակցություններ սկսվեն, Հայաստանը դիտորդի դերում չի մնա։ Այս մասին հունվարի 21-ին լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Նա նշել է, որ Իրան-Հայաստան գազամուղն ամբողջովին թույլ է տալիս դա անել։
Իրան-Հայաստան գազատարի հզորությունը կազմում է տարեկան մոտ 2 մլրդ 200 մլն խ/մ։ Այսօր այդ ծավալից օգտագործվում է մոտավորապես 365-370 մլն –ը։ Հայաստանում նախատեսվում է նաեւ 234 ՄՎտ հզորությամբ 2 նոր ՋԷԿ կառուցել։ Եթե իրանական կողմի հետ գազ մատակարարելու հարցում հաջողվի համաձայնության գալ նաեւ այս կայաններով գազ մատակարարելու հարցում, ապա հոսքը կկազմի 750-800 մլն խ/մ։
«Ոչ՛ Իրանը, ո՛չ Վրաստանը դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել։ Բայց Հայաստանը հետեւում է բանակցություններին եւ ցանկացած պահի, երբ անհրաժեշտ լինի, անպայման կմասնակցի այդ բանակցություններին։ Այո, գազատարը «Գազպրոմի» սեփականությունն է, սակայն գազն անցնելու է մեր երկրի տարածքով»,- ընդգծել է նախարարը։



























