Իրանի հետ ռազմական ոլորտներում համագործակցության նոր զարգացումներ կարող են լինել՝ այդ երկրի պատժամիջոցներից ազատման ֆոնին։ Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին գրողների հետ հանդիպմանը հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը։
Aravot.am-ի փոխանցմամբ, հարցին, թե բացի ՌԴ-ից եւ ՀԱՊԿ-ից կա՞ն ռազմական փոխգործակցության եզրեր, ընդհանրություններ այլ երկրների հետ, փոխնախարարը պատասխանել է. «Դաշնակիցների հետ մեր համագործակցությունը խարսխված է պայմանագրաիրավական, փաստաթղթային գործունեության հիման վրա, իսկ գործընկերների հետ համագործակցությունն իրականացվում է պայմանավորվածությունների, համատեղ ստորագրված պլանների ու հուշագրերի վրա: Ռազմավարական ու քաղաքական առումով մեր հարաբերությունները սերտ են Իրանի հետ: Հաշվի առնելով Իրանի՝ պատժամիջոցների տակ լինելը, մեր համագործակցությունը լայն չէր, բայց այս նոր ֆոնի վրա հնարավոր են նոր զարգացումներ: Հիմքը կա, որ Իրանի հետ հարաբերություններն ընդլայնենք ռազմական տեսանկյունից»:
Ըստ Տոնոյանի, մյուսը Վրաստանն է, վերջին տարիներին Վրաստանի հետ համագործակցությունն ընդլայնվում է: «Հույս ունենք, որ շատ ամուր ռազմական համագործակցության կապեր կունենանք»,- ասել է փոխնախարարը եւ շեշտել, որ Վրաստանի՝ դեպի ՆԱՏՕ հակվածությունը չի խանգարի ՀՀ-ի հետ համագործակցությանը:



























