Ղարաբաղյան բանակցային գործընթացը շիզոֆրենիա է. անհասկանալի է, թե ինչո՞ւ ենք մենք ընդհանրապես բանակցում, եթե բանակցային գործընթացը որեւէ բարելավում չի ենթադրում։ Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սարդարապատ» շարժման անդամ Հայկ Բալանյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանը ԼՂ հարցում Հայաստանի հանդեպ կիրառում է «սալյամիի ռազմավարություն», ինչպիսին ժամանակին կիրառում էր ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ։ «Այսինքն՝ Ադրբեջանը միջազգային ասպարեզում իր սկզբունքներն առաջ է տանում բարակ-բարակ կտրատած սալյամիի օրինակով, փոքր քայլերով։ Խաղադրույքն այս դեպքում այնքան էլ մեծ չի լինում, սակայն սալյամիի շերտերը տարիների ընթացքում կտրվում եւ մատուցվում են միջազգային հանրությանը։ Բայց երբ 10 տարի հետո  Հայաստանը տեսնի, թե որքան է այդ սալյամիից կտրվել, կհասկանա, թե որքան բան է ինքը կորցրել»,- այլաբանական համեմատություն արեց Բալանյանը։

Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի՝ ՄԱԿ-ի 64-րդ նստաշրջանից 65-րդ նստաշրջան տեղափոխվելու թեմային, Բալանյանը համոզմունք հայտնեց, որ դա բոլորովին էլ Հայաստանի դիվանագիտական հաղթանակը չէր։ «Ադրբեջանին բանաձեւը տեղափոխելու դիմաց շատ մեծ բան են խոստացել։ Առաքելություն է գալու Ղարաբաղ, տեսնելու է, որ ազատագրված տարածքները բնակեցված չեն եւ խնդիրը քաղաքական դաշտից տեղափոխելով հումանիտար դաշտ՝ փորձ է արվելու մեկ-երկու գյուղ վերադարձնել ադրբեջանցիներին»,- նշեց «Սարդարապատ» շարժման անդամը։

Ամփոփելով՝ Բալանյանը անդրադարձավ նաեւ բանակում արձանագրված վերջին դեպքերին։ «Եթե համակարգը նեխած է, առանց արմատական, համակարգային բարեփոխումների ոչնչի հասնել հնարավոր չէ։ Փոխանակ հայտարարեին, որ փնտրելու եւ պատժելու են մեղավոր սպայակազմին, պաշտպանության նախարարությունը փորձում է կոծկել կատարվածը եւ հայտնի կայքերից մեկում օրերս տեղադրված տեսահոլովակի համար պատժել այն տեղադրողներին»,- նշեց նա։