2015թ. Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 17 տոկոսով աճել է։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ամփոփելով 2015թ. արդյունքները։
Նրա խոսքով՝ ոլորտում աշխատում է մոտ 450 ընկերություն՝ 13 հազար մասնագետներով։ 2015թ. շրջանառությունը կազմել է մոտ 550 մլն դոլար։ Ուժի մեջ է մտել «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը, որը լուրջ հարկային արտոնություններ է նախատեսում սկսնակ ընկերությունների համար (0 տոկոս շահութահարկ եւ 10 տոկոս եկամտահարկ)։ Արտոնություններից օգտվել է 65 ընկերություն։ Իսկ ընդհանուր առմամբ 2015թ. ոլորտում ստեղծվել է 79 նոր ձեռնարկություն եւ 329 աշխատատեղ։
Տարվա ընթացքում Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում անցկացվել են համաֆինանսավորման դրամաշնորհի մրցույթներ։ 33 հաղթող ծրագրերը 500 հազար դոլարի չափով դրամաշնորհ են ստացել։ Արդյունքում ստեղծվել է 235 նոր աշխատատեղ։




























