Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Թեհրան: Նրան ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իրանի նախագահն ու Հայաստանի ԱԳ նախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ զարգացող բազմաբովանդակ համագործակցության առումով:

Իրանի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են 2009 թ.  ապրիլին ՀՀ նախագահի Թեհրան կատարած պաշտոնական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Է. Նալբանդյանը բարձր է գնահատել հայ համայնքի նկատմամբ Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը:  Մահմուդ Ահմադինեջադը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Սերժ Սարգսյանին:

Իրանի մայրաքաղաքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ այդ երկրի ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքիի հետ:

Նախարարներն անդրադարձել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որը կարեւոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում: Մշակութային փոխանակումների ենթատեքստում կարեւորվել է փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը, նախարարները մտքեր են փոխանակել զբոսաշրջության խթանման ուղիների շուրջ:   

Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի: Մանուչեր Մոթաքիի խնդրանքով Է. Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների ընթացքը` կարեւորելով Իրանի հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը այդ հարցում:

Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած զարգացումներին, դրա վերաբերյալ միջազգային հանրության հետ ընթացող բանակցություններին: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հուսով է, որ Իրանն ու միջազգային հանրությունը համատեղ ջանքերով կարող են գալ փոխադարձ ընդունելի լուծմանը:

Թեհրանում նախարար Նալբանդյանը հանդիպել է նաեւ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ: Նրանք անդրադարձել են երկու երկրների անվտանգության խորհուրդների միջեւ հաստատված համագործակցությունը: Սաիդ Ջալիլիի խնդրանքով  Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելել է Իրանահայոց թեմի առաջնորդարան, ուր հանդիպում է ունեցել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: