Իրանի նկատմամբ պատժամիջոցների ամբողջական չեղարկումից հետո կարելի է Իրանի ու Եվրասիական միության համագործակցության աշխուժացում ակնկալել: Այս մասին փետրվարի 8-ին Մոսկվա- Ասթանա-Երեւան մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ մակրոտնտեսության ու ինտեգրման հիմնական ուղղություններով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:

Նրա խոսքով, այս հարցում զգալի դերակատարում է ունեցել նաեւ Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը: Ռուսաստանն ու Ղազախստանն Իրանի հետ բազմաթիվ նախագծեր են քննարկել, որոնք վերաբերում են այդ թվում «Հյուսիս- Հարավ» տրանսպորտային միջանցքին: Բայց դրանք լիարժեք չեն իրականացվել՝ փոխգործակցության տնտեսական ներուժի բացակայության պատճառով: «Հիմա, երբ մեր միության անդամ է դարձել նաեւ Հաայաստանը, տրանսպորտի, լոգիստիկայի ու առեւտրատնտեսական փոխգործակցության ոլորտներում շատ հեռանկարներ են բացվում: Վստահ եմ, որ մոտ ժամանակներս մենք ականատես կլինենք Իրանի հետ Եվրասիական միության ու դրա առանձին մասնակիցների համագործակցության աշխուժացմանը»,- հավելել է Վալովայան: