Այսօր` սեպտեմբերի 16-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր արտահերթ նիստում որոշում է կայացրել վարչական վարույթ հարուցել «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ` անբարեխիղճ մրցակցության գործողության հնարավոր դրսեւորման համար:
Հանձնաժողովի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում, երեւանյան առեւտրի կետերում հայտնաբերվել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» արտադրության տարբեր տեսակի հավկիթներ, որոնց վրա բացակայում է արտադրության ժամկետը:
Հիշեցնենք, որ նույն խախտման համար ընկերությունն, ի թիվս ձու արտադրող 4 այլ տնտեսվարողների, արդեն իսկ պատասխանատվության է ենթարկվել հանձնաժողովի հուլիսի 28-ին կայացրած որոշմամբ'ստանալով որոշումն ուժի մտնելուց 20-օրյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարություն:
Օգոստոսի 30-ին, ժամկետը լրանալուց մեկ օր առաջ, Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հանձնարարությամբ, դարձյալ դիտարկումներ են կատարվել, որոնց արդյունքում պարզվել է , որ բոլոր ձու արտադրողներն արդեն վերացրել են խախտումը, բացառությամբ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի»:
Նույն օրը Հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտարարություն է արել նաեւ մամուլում, սակայն հետագայում երեւանյան խոշոր սուպերմարկետներում կատարված մոնիթորինգի արդյունքում դարձյալ արձանագրվել է նույն իրողությունը:
Ի դեպ, այն մասին, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» արտադրության հավկիթները վաճառվում են առանց մակնշման, Հանձնաժողովին ահազանգել են նաեւ «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը եւ իրենք' սպառողները' զանգահարելով Հանձնաժողովի «Թեժ գիծ» հեռախոսահամարին:
Հաշվի առնելով այդ իրողությունները եւ իրականացնելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները' Հանձնաժողովը մեկ այլ որոշմամբ, վարչական վարույթ է հարուցել նաեւ իր կողմից կայացրած որոշումը սահմանված ժամկետում չկատարելու համար:





























