ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նոր նախագահ Տիգրան Սարգսյանին կոչ է արել համատեղ լուծել Ուկրաինայի տարածքով ռուսաստանյան բեռների տարանցման խնդիրը:
«Ներկայումս ես հենց խորհրդակցություններ էի անցկացնում Եվրասիական միության գործընկերների հետ: Գիտեք, մեզ մոտ Ուկրաինայի տարածքով մեր բեռների տարանցման հետ կապված կապված խնդիր է առաջացել: Մենք ստիպված ենք պատասխան քայլեր ձեռնարկել», - ասել է նա Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այդ ամենը համընկնում է այն հարցերի շրջանակին, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել նաեւ Եվրասիական տնտեսական միության ձեւաչափում», - հավելել է Ռուսաստանի վարչապետը:
Մեդվեդեւը հիշեցրել է, որ ինքը Սարգսյանին վերջին անգամ հանդիպել էր այն ժամանակ, երբ նա դեռեւս գլխավորում էր Հայաստանի կառավարությունը: «Այժմ Դուք շատ մեծ ղեկավար եք, վերազգային մարմնի ղեկավար, որը ղեկավարում է այլ կառավարությունների գործունեությունը` Եվրասիական կոլեգիայի», - շարունակել է ՌԴ վարչապետը: Այդ կապակցությամբ նա հաջողություններ է մաղթել Սարգսյանին` նման աշխատանքը կոչելով բարդ, բայց ինտաքրքիր եւ ուղղված ինտեգրացիային եւ մեծ արդյունքների ստացմանը, որոնք շահավետ կլինեն ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար:
«Մենք ամենայն հավանականությամբ բավականին շփումներ կունենանք` հաշվի առնելով, որ կոլեգիայի գլխավոր շտաբը Մոսկվայում է եւ հաշվի առնելով տարբեր միջոցառումները, որոնք կիրականացվեն կառավարությունների մակարդակում, կառավարության ղեկավարության մակարդակում: Դրանցից մեկը շատ շուտով տեղի կունենա», - ասել է Մեդվեդեւը:
Նրա խոսքով, շատ կարեւոր է կոլեգիայի կազմի հետ լիարժեք աշխատանք սկսել` լուծելու այն խնդիրները, որոնք ներկայումս այժմեական են: Խոսքը, մասնավորապես, նորմատիվային բազայի կատարելագործման մասին է, որտեղ կուտակվել են շատ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել` ընդունելու համար: «Պետք է նաեւ հանգուցալուծումներ փնտրել ամենատարբեր, երբեմն` շատ բարդ իրավիճակներում, որոնք ի հայտ են գալիս Եվրասիական միության տնտեսական կյանքում, ինչպես նաեւ որոշ այլ խնդիրների հետ կապված», - ասել է Ռուսաստանի վարչապետը:
Սարգսյանը Մեդվեդեւին շնորհակալություն է հայտնել իր հանդեպ ցուցաբերված վստահության համար եւ նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների կողմից լուրջ ակնկալիքներ կան, որովհետեւ քաղաքացիները եւ բիզնեսը ինտեգրացիայի ռեալ արդյունքներ են սպասում: «Մենք պիտի ցույց տանք, որ ինտեգրացիան արդյունք է տալիս, եւ դա լրացուցիչ խթան կլինի ինտեգրացիոն գործընթացների համար: Եվ իհարկե, Ձեր աջակցությունն անկասկած մեզ կօգնի ավելի արդյունավետորեն առաջ շարժվել: Ես շնորհակալ եմ այն բանի համար, որ Դուք ասացիք, թե մեր հանդիպումները պարբերական կլինեն, դա անկասկած կօգնի շատ հարցեր հնարավորինս արագ լուծել», - ասել է ԵՏՀ կոլեգիայի նոր ղեկավարը:





























