Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:                                        

Նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ քննարկումների եւ բանակցությունների արդյունքում 2015թ. սեպտեմբերից վերսկսվել է Իրան-Հայաստան 400 կՎ լարման օդային գծի կառուցման ծրագրի ֆինանսավորումը։ Համաձայն ծրագրի իրականացման ժամանակացույցի, վերոնշյալ օդային գծի կառուցումը  նախատեսվում է ավարտել 24 ամսում: Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրա¬հաղորդման օդային գծի կառուցման ծրագրի առաջին երկու փուլերի իրականացման նպատակով ստորագրված վարկային համաձայնագրերի շրջանակներում ներգրավվել է շուրջ 178 մլն եվրո։ Նախատեսվում է նաեւ դրամաշնորհային ներդրում՝ մինչեւ 10 մլն եվրոյի չափով, որը կհատկացվի Եվրամիության Հանձնաժողովի կողմից։  Ըստ Է. Զախարյանի՝ մեկնարկել են նաեւ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման համակարգերի եւ սարքավորումների համալիր զննման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2016թ. սեպտեմբերին:

 Նախարար Զախարյանն անդրադառնալով Հայաստանի Հանրապեության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված համաձայնագրին, նշել է, որ 8.55 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհի շրջանակներում՝ «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» իրականացման նպատակով մեկնարկել են մերձատար ճանապարհի եւ հորատման հարթակի շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են ըստ ընդունված ժամանակացույցի: Նեղ հորատանցքերի փորման համար հայտարարվել է մրցույթ։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  դրական է գնահատել նախարարության կատարած աշխատանքը,  կարեւորել տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացումը եւ  հորդորել հետեւողական լինել ոլորտում առկա խնդիրների լուծմանը: