Մոտ ապագայում ականատես կլինենք Հայաստան-Իրան հարաբերությունների առավել զարգացման: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, ԵՊՀ-ում Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Իրանի Իսլամական արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Հարցին, թե պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերություններում ո՞ր ուղղություններն են ռեալ տնտեսական համագործակցության շրջանակում, դեսպանը պատասխանել է. «Իրանը եւ Հայաստանը համարում ենք հարեւան երկրներ, եւ միմյանց հետ տնտեսական հարաբերություններ զարգացնելու առումով որեւէ սահմանափակում չունենք: Հաշվի առնելով, որ վերջին ժամանակահատվածում ակտիվացել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը, մենք մոտ ապագայում ականատես կլինենք երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանը: Ես կարծում եմ, որ երկու երկրներն էլ կօգտվեն միմյանց հնարավորություններից»:
Իրանի դեսպանի խոսքով, անգամ պատժամիջոցների ժամանակ Իրանը շատ լավ հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, իսկ պատժամիջոցների չեղարկումից հետո այդ հարաբերություններն էլ ավելի կզարգանան: «Իրանը եւ Հայաստանը ամենածանր պայմաններում եւ ծանր վիճակներում միշտ օգնել են միմյանց, եւ այդ համագործակցությունը, այդ վերաբերմունքը կշարունակվի»,-ընդգծել է նա:
Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է. «ՀՀ տրանսպորտի նախարարը եւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարը բանակցել են այդ հարցի շուրջ: Մոտ ապագայում նախատեսվում է Իրանից փորձագետների եւ մասնագետների պատվիրակության այցը Հայաստան՝ տնտեսատեխնիկական հիմնավորումներն ուսումնասիրելու»:





























