Իրանն ու Ադրբեջանը երկկողմանի փաստաթղթերի փաթեթ են ստորագրել :
Ինչպես հայտնել է Trend-ը, փաթեթը բաղկացած է 11 համաձայնագրից ու հռչակագրից: Դրանք ստորագրվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակում:
Ստորագրվել են Համաձայնագիր արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման, սահմանափակման եւ ազդեցության նվազեցման մասին, Համաձայնագիր մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին, Համաձայնագիր կենդանիների առողջության ու անասնաբուժության ոլորտում, շրջանակային Համաձայնագիր էլեկտրաէներգիայի վաճառքի մասին, շրջանակային Համաձայնագիր ադրբեջանական ու իրանական երկաթգծերի միացման մասին, Համաձայնագիր Աստարա ( Ադրբեջան) – Աստարա ( Իրան) երկաթգծային կամուրջի շինարարության ոլորտում համագործակցության մասին:
Փոխըմբռնման հռչակագրեր են ստորագրվել երկու երկրների առողջապահության ու բժշկության, կանանց, երեխաների ու ընտանիքի պաշտպանության, աշխատանքի ու սոցիալական պաշտպանության ոլորտների պատասխանատու գերատեսչությունների միջեւ: Ադրբեջանի SOCAR պետական ընկերության եւ Իրանի Ազգային նավթային ընկերության եւ Իրանի Ghadir ներդրումային ընկերության միջեւ նույնպես կնքվել են Փոխըմբռնման հռչակագրեր:





























