2016 թվականին Հայաստանը հնարավորություն ունի կրկնապատկել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները ԵՏՄ երկրներ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով, ԵՏՄ-ն 170-միլիոնանոց շուկա է, որտեղ նոր ապրանքների կարիք է զգացվում:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսության զարգացման համատեքստում իրանական գործոնին, Բոստանջյանը հիշեցրել է, որ Իրանի դեմ պատժամիջոցներն արդեն հանվել են: «Դա Հայաստանին զարգանալու մեծ հնարավորություն է տալիս: Իրանը կայուն կապերի կարիք ունի: Այնպես է ստացվել, որ Հայաստանը  կարող է Իրանի համար կարեւոր ճանապարհներից մեկը դառնալ: Այդ դեպքում՝ Հայաստանը մեծ շրջանառություն կունենա»,-ասել է Բոստանջյանը:

Այդ տեսանկյունից, ըստ նրա, Հայաստանը պետք է համապատասխան քաղաքականություն վարի: «Երեւանը պետք է ինտենսիվ կերպով ճկուն քաղաքականություն վարի, որպեսզի կարողանա գործարք կնքել այնպիսի ուժեղ գործընկերոջ հետ, ինչպիսին Թեհրանն է»,-ամփոփել է Վարդան Բոստանջյանը: