Հայերի եւ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների շահերը համընկնում են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, «Ադրբեջանական Հանրապետության բնիկ ժողովուրդները, իրականություն եւ հեռանկար» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ նշել է թալիշական շարժման առաջնորդ Ֆահրադին Աբոսզոդան, որը քննարկմանը միացել է տեսակապի միջոցով:
Նրա խոսքով, այսօր Ադրբեջանում ոչ բոլոր բնիկ ժողովուրդներն են պատրաստ իրական պայքար մղել իրենց իրավունքների համար: Աբոսզոդան ընդգծել է, որ ավարների ու լեզգիների մոտ պայքարի ոգին բավարար բարձր չէ, իսկ ահա թալիշների դեպքում իրավիճակն այլ է:
«Թալիշների համար ամենաընդունված տարբերակը կլինի, որ հասնենք անկախության: Մեր նպատակն է՝ Ադրբեջանի պետություն քարտեզի վրա չլինի եւ կարծում եմ հենց այդպես էլ կլինի: Պետք է ազատվել այդ չարիքից՝ Ադրբեջան անվամբ»,-նշել է թալիշական շարժման առաջնորդը՝ հավելելով, որ այդ հարցում իրենց միակ դաշնակիցը հայերն են: Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ Իրանին, այդ երկրներն իրենց շահերն ունեն Ադրբեջանում, հետեւաբար ընդգծված Ադրբեջանի դեմ չեն գործի:





























